ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
21.01.2021 | 22:14

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն:

Փոխվարչապետը նշել է. «Այսօր քննարկելու ենք հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման վերաբերյալ հարցերը, որոնք առավել սուր կերպով արտահայտվեցին պատերազմի արդյունքում: Հարկ է ամբողջովին պարզաբանել ոլորտում ստեղծված ներկայիս վիճակը՝ նկատի ունենալով, թե ինչ փուլերով ու ընթացակարգերով է տեղի ունենում պրոթեզավորման գործընթացը: Պետք է անդրադառնանք առկա հիմնական խնդիրներին, այդ թվում՝ ընթացիկ կարիքների ու կարողությունների գնահատմանը, պրոթեզավորման հատուկ ընթացակարգի սահմանմանը, շահառուների նույնականացմանը և լրացուցիչ միջոցների ներգրավման հարցերին:


Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է և այդ գործը պետք է իրականացնենք ամենաբարձր մակարդակով: Դա նվազագույնն է, որ կարող ենք անել հայրենիքի պաշտպանության համար ոչինչ չխնայած մեր զինծառայողների համար: Այս տեսանկյունից կարևորում եմ մեր կարողությունների ճիշտ գնահատումը՝ տեղի հնարավորությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Պետք է նաև հասկանանք, թե ինչպիսի փորձի պակաս ունենք` պրոթեզավորման գործընթացում արտերկրի լավագույն փորձն ու գիտելիքը օգտագործելու համար: Առանձնապես ցանկանում եմ շեշտել համակարգված աշխատելու հանգամանքը, երբ գործընթացում ներգրավված բոլոր մարմինները պիտի առաջնորդվեն ամենայն պատասխանատվությամբ, իսկ գտնված լուծումները պիտի համապատասխանեն ամենաբարձր ստանդարտներին: Վերջում, ամենակարևորը՝ հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին պետք է ցուցաբերվի բացառիկ անհատական մոտեցում՝ հիմնված անհատական կարիքների առավելագույնս ճշգրիտ գնահատման վրա, և պետք է լուծենք նաև հետագա սպասարկման բոլոր հնարավոր խնդիրները»:


Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պրոթեզավորման գործընթացում իրավիճակի ներկայիս ընդհանուր պատկերն ու ամենօրյա ռեժիմով թվերի ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Օրակարգի հարցերի առանձին խումբ են ներկայացրել պատերազմի ժամանակ վիրավորում (վնասվածք) ստացած անձանց պրոթեզավորման գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ կարիքների գնահատման և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված խնդիրները: Մանրամասն անդրադարձ է կատարվել գործընթացում տեղական՝ հայաստանյան հնարավորությունների օգտագործմանը՝ միջազգային լավագույն փորձի ներգրավման համատեքստում:
Տիգրան Ավինյանը սահմանել է աշխատանքների իրականացման երկու կարևորագույն սկզբունք. բարձր ստանդարտների ներդրում և, ըստ կարիքի, առաջնահերթության ու թիրախայնության, պրոթեզավորման ենթակա անձանց հերթականության սահմանում: Ամփոփելով՝ փոխվարչապետն ընդգծել է պրոթեզի հետագա սպասարկման անհրաժեշտությունը՝ որպես առանցքային հանձնառություն:

Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ